Ուժեղացված ծառայություններ կիրականացվեն առանց համարանիշերի մեքենաներ հայտնաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշերի մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին:

Ոստիկանությունը հայտնում ՝ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար:

«Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանք` 20 հազար դրամի չափով: Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով վարողը մեկ տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Այսինքն՝ ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հաշվառումից հանված և առանց համարանիշերի մեքենա վարող անձինք կարող են տուգանվել մինչև 340 հազար դրամի չափով կամ զրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տուգանվեն 140 հազար դրամի չափով։

Հորդորում ենք զերծ մնալ նման իրավախախտումներ կատարելուց։ Ոստիկանությունը հետևողական է լինելու նման խախտումներով վարողներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, դրանով իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բաձրացնելու հարցում:

Հատկապես առանց համարանիշերի շահագործվող խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը այսուհետ պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություններ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ