Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

14b5c40e3893a20bc3d88942960f932b

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը, տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են 17,7 տոկոսով, շինարարության ոլորտն աճել է 18,8 տոկոսով, արդյունաբերությունն աճել է 6,4 տոկոսով, արտահանումն աճել է 54,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33,8 տոկոսով: ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 8.496.777,9 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 7.865.923,1 մլն ՀՀ դրամ:

Ըստ նախարարի՝ արտահանման աճի բարձր տեմպերով պայմանավորված՝ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կազմել է 47.07 տոկոս: «Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է»,- ասել է Վահան Քերոբյանը: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.3 տոկոս:

2022 թվականին համախառն կուտակման ցուցանիշը, այսինքն` ներդրումների ծավալը, ըստ Ֆինանսների նախարարի` կազմել է 1 տրիլիոն 648 միլիարդ դրամ, ինչը 250 միլիարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վահան Քերոբյանը փաստել է, որ այս պահին քննարկման փուլում է 50 ներդրումային ծրագիր:

Ըստ նախարարի՝ գործարար միջավայրում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել:

Հաջողություններ են գրանցվել նաեւ զբոսաշրջության ոլորտում: 2023 թվականին արդեն 220.000 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:

Տնտեսական հաջողությունների համար էական դեր են խաղացել եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վերադարձի լավարկված համակարգերը: 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոտեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը` 13,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 61 տոկոսով:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Մասնավորապես, հաշվետու տարվա դեկտեմբերին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, գրանցվել է աշխատատեղերի ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ` 704 հազար աշխատատեղ: Սա շուրջ 45 հազարով կամ 6,8 տոկոսով ավելի է 2021 թվականի դեկտեմբերի նույն ցուցանիշի համեմատ:

2022 թվականին երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է եւ կազմել 13 տոկոս՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի 15,2 տոկոսի, 2021 թվականի միջին տարեկան 15,5 տոկոսի եւ 2018 թվականի միջին տարեկան 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

--00—ՅՄ