Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

efa106f9-1451-498e-9ad2-7a6ee4bdc1ca.jpg

Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասաց Բեգոյանը։

Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։

«Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես  նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի»,- նշեց Բեգոյանը։

--00—ԶՀ