Սիրիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

սիրիա-հհ

2023 թ. ապրիլի 6-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնջվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախի ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ: Պարոն Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությանը Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ:

Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը:

--00—ՍՊ