Մարդը եթե քպ-ական է, դա չի նշանակում, որ ստախոս է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

քպ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Անցած ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի` Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի ընդհարման գործով երեկ խորհրդարանում կատարվել են առերեսումներ՝ դեպքի մասնակիցների եւ ականատեսների միջեւ։ Քննչական գործողությունները չեն ավարտվել, եւ առաջիկա օրերին դրանք կշարունակվեն։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ կոնֆլիկտ էր ծագել, եւ Սահակյանը ձեռքով հարվածել էր Վարդանյանի դեմքին, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ իր ձեռքն էր վնասվել։

Մենք տեղեկացանք, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկա գտնված ՔՊ-ականներից մի քանիսը չեն հաստատել այն կասկածները, թե Մհեր Սահակյանը ոչ թե ձեռքով, այլ ինչ-որ առարկայով է հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Առերեսումների փաստն ինքնին նշանակում է, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների` քննիչներին ավելի վաղ տված ցուցմունքների միջեւ կա որոշակի անհամապատասխանություն։ Առերեսումներն արվում են, որ պարզվի, թե ով է ճիշտ եւ ով է ստում։ Որոշ տեղեկություններով՝  ընդդիմադիրները պնդել են, որ Մհեր Սահակյանն ընդամենը ինքնապաշտպանվել է եւ հարվածել իր ուղղությամբ նետված Վարդանյանին։ Իսկ իշխանականները հակադարձել են, որ Սահակյանն ինքն է առաջ գնացել եւ Վարդանյանին հարվածել գրեթե իր աթոռի մոտ։ Երեկ դեպքի վայրում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատասենյակում, մատնացույց են արել այն վայրը, որտեղ հարվածից հետո ընկել է Վարդանյանը։ Հանձնաժողովի ՔՊ-ական անդամներ Արփի Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի հետ առերեսվել է նաեւ Գեղամ Նազարյանը։ Սակայն նա չցանկացավ մանրամասնել դեպքը եւ մեկնաբանել դեպքին ներկա չգտնված անձանց ասածները։ Ասաց, որ չի ուզում նախաքննական գաղտնիք հայտնել։

«Ինձ հետաքրքիր չէ, թե ովքեր դեպքին ներկա չեն եղել, ինչ են պնդում, կարեւոր է, թե ներկա գտնվողներն ինչ են ասում»,- ասաց նա։ Նազարյանը քննչական գործողություններից տպավորություն չի ստացել, որ Մհեր Սահակյանին կկալանավորեն։ Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ականները հանձնաժողովում թվային առավելություն ունեն, ուստի նրանց վկայություններով է քննչական մարմինն առաջնորդվելու, Նազարյանն արձագանքեց․ «Նախ՝ ավելի շատ չեն, բացի այդ՝ Եղիշե Կիրակոսյանն էլ է միջադեպին ներկա գտնվել։ Եվ հետո՝ մարդը եթե ՔՊ-ական է, դա չի նշանակում, որ  ստախոս է, չի կարող ստախոս լինել, ինքն ազնիվ ցուցմունք կտա եւ կասի, որ Մհերը որեւէ մետաղական գործիքով չի հարվածել»։ Նազարյանը ասաց, թե տեղյակ չէ՝ Մհեր Սահակյանի եւ Վարդանյանի միջեւ եղե՞լ է առերեսում, թե՞ ոչ, սակայն հաստատեց, որ Սահակյանի եւ Եղիշե Կիրակոսյանի միջեւ առերեսում եղել է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ