Փոփոխություն՝ Երևանի, Գյումրիի և Վանաձորի պոլիկլինիկաների աշխատաժամերում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ԱՆ

Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն, բայց սա չի նշանակում, որ փոփոխություն կլինի բուժաշխատողների աշխատաժամերում: Այդ մասին հաղորդում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը վստահեցնում է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով: Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:

«Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կգործարկվի թվային դեղատոմսը: Այս պահին արդեն հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվել 800.000 դեղ: Մոտ ժամանակներս միայն էլեկտրոնային դեղատոմսով կնշանակվեն բոլոր հակաբիոտիկները, դրա բացակայության դեպքում դեղատունը չի կարող վաճառել հակաբիոտիկ:

Ընթացիկ տարում կիրականացվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի ներդրման պիլոտային ծրագիրը, կվերանորոգվի 10 մարզային պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ