Անահիտ Ավանեսյանը Հնդկաստանում հուշագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աա

«Առողջապահության գերազանցություն– Հնդկաստան 2023» գագաթնաժողովի շրջանակում Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «METRO» հիվանդանոցային համալիր: Տեղեկանում ենք Նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից։ 

Հիվանդանոցի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում ինտենսիվ թափ գրանցող հայ-հնդկական հարաբերություններին և ընդգծել երկկողմ գործակցությունը նորանոր բաղադրիչ-ծրագրերով համալրելու կարևորությունը:

Առաջնորդվելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու իրենց փոխադարձ ցանկությամբ և ձգտելով խթանել ու ամրապնդել առողջապահության ոլորտում համագործակցությունը, հանդիպման շրջանակում կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «METRO» հիվանդանոցային համալիրի և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև:

Հուշագրով հնարավորություն է ստեղծվում երկուստեք մատուցել առողջապահական ծառայություններ, տրամադրել խորհրդատվություն, իրականացնել բուժում համապատասխան պացիենտների համար, կազմակերպել բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ, պատվիրակությունների, աշխատանքային խմբերի և փորձագետների հանդիպումներ և փոխայցելություններ:

Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան պատվիրակության համար կազմակերպվել է հիվանդանոցում շրջայց, տեղի բուժանձնակազմը ներկայացրել է նորարար լուծումներով հիվանդանոցային համակարգը, ձեռքբերումները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարք-սարքավորումները:

Նույն օրը նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Դեսպան Յուրի Բաբախանյանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում համագործակցության ներուժին։

--00—ՍՊ