Երեկ Տեղում զոհված Արթուրը Գյումրիից էր, անցած տարի էր ստացել լեյտենանտի կոչում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Արթուր

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված 23-ամյա սպա Արթուր Սահակյանը Գյումրիից էր, անցած տարի էր ստացել լեյտենանտի կոչում, շատ լավ, խելացի տղա էր։ Այս մասին 24News-ին ասաց Գյումրու ակադեմիական վարժարանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որն այսօր այցելել էր զոհված սպայի ընտանիքին։

Մարտիրոսյանն ասաց, որ Սահակյանը սովորել է Գյումրու ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքում, կարմիր դիպլոմով է ավարտել, ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը․ «Զինծառայության գնացել էր «Պատիվ ունեմ» ծրագրով․ 4 տարի ԵՊՀ-ում սովորելուց հետո նոր զորակոչվել էր բանակ։ Մինևնույն ժամանակ, այդ 4 տարվա ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր սովորում։ 2,5 տարի պետք է պայմանագրով ծառայեր, որից հետո շարունակեր ուսումը նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ամուսնացած չէր»։  

Վարժարանի տնօրենի խոսքերով, Սահակյանի հայրն արտագնա աշխատանքով է զբաղվում, մայրը չի աշխատում, քույրը սովորում է Երևանի պետական համալսարանում։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ համայնքի Տեղ սահմանամերձ բնակավայրում  փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի սադրանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ