Երևանում գտնվել է տղամարդու դի, կողքին դանակ, գնացքի գծերի վրա էլ՝ ավտոմեքենա․ կա մի քանի վարկած

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

1cdee565-f0cf-4e65-a33a-b82cd4632e17.jpg

Այսօր՝ ապրիլի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ 

Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ավտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։

Իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը, ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է, որի վրա էլ կան արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Իրավապահներն աշխատում են նաև մեկ այլ վարկածի շրջանակներում, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում դեպքի որոշ մանրամասներ։ 

--00—ԶՀ