Փաշինյանն անցակետ դնելու համաձայնություն է տվել, նա մասնակից է Արցախը շրջափակելու օպերացիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը բացեց որոշ փակագծեր՝ նշելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն են ունեցել երկկողմ անցակետ տեղադրելու հարցով։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ֆրանսիացի պաշտոնակցին տեղեկացրել է նաև, որ  հայկական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից, իսկ իրենք իրենց անցակետը տեղադրել են: Եթե Բայրամովը ստում է, հայկական կողմը պետք է շատ արագ արձագանքեր նրա ասածին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Այդ պայմանավորվածությունների մասին հայկական կողմը որևէ հարթակում երբևէ չի բարձրաձայնել, իսկ ադրբեջանցիներն ասել են, որ հայկական կողմը մերժել է: Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել անցակետ դնելու հարցով, նա ուղղակիորեն մասնակից է Արցախն ամբողջապես շրջափակելու ադրբեջանական օպերացիային: Անցակետը մի քանի ծառայություն է ներառելու՝ անձնագրային, մաքսային, ԱԱԾ աշխատակիցներ, չի բացառվում նաև՝ բանակային ստորաբաժանումների ներկայացուցիչներ լինեն: Եթե անցակետ տեղադրվի, մեր հայրենակիցներն Արցախից կարող են դուրս գալ, բայց չեն կարող վերադառնալ, քանի որ Ադրբեջանը պայման է դրել, որ վերադառնալու համար պետք է ունենան Ադրբեջանի քաղաքացիություն, այդ կերպ ուղղակի և անուղղակի ստիպում են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ձեռք բերեն, ինչը չի լինի, այդպես Արցախը կհայաթափվի»,- ավելացրեց նա:

Փորձագետի համոզմամբ, արցախցիները ՌԴ խաղաղապահ զորախմբի նորանշանակ ղեկավարի հետ բանակցությունների միջոցով կարող են համաձայնության գալ: Արցախը ՌԴ-ի հետ կարող է դուրս գալ պայքարի, այստեղ արցախցիների լինել-չլինելու խնդիրն է, զորախմբի ներկայությունը շատ բան է ասում:

«Ապրիլին ԱՄՆ-ից լուրջ պաշտոն զբաղեցնող մարդիկ եկան ՀՀ, նրանք ուզում են ժամ առաջ ՀՀ-ն ստորագրի խաղաղության պայմանագիրը, այնպես, ինչպես Ադրբեջանն է թելադրում: Այդ փաստաթուղթը, եթե ՀՀ-ն ստորագրի, այն կապիտուլյացիոն կետեր է ներառելու: Օրինակ՝ գումար վճարել Բաքվին 7 շրջանների համար: Փաշինյանը հասկանում է, որ դա իր վերջը կլինի և փորձում է մանևրել: ԱՄՆ-ում ուղղակի պարտադրելու են խաղաղության պայմանագիր կնքել առանց սեթևեթանքի»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյությում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ