Մարտակերտում ուժեղ կարկուտ է տեղացել, բնակիչներին պատճառված վնասները կփոխհատուցվեն․ ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

artsakh

Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:

Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,- նշել է նա։ 

--00—ՍՊ