Արցախի իշխանության տեսակետի առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

imgonline_com_ua_resize_tdezlvk3a1tb.thumb_.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը պատասխանել է 168․am-ի հարցերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։

– Տիկին Ավանեսյան, Արցախն ի՞նչ սպասելիքներ ունի Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ ՀՀ իշխանությունների կողմից մշտապես քննարկվում է «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության» վերաբերյալ հարցը, այս եզրույթն Արցախի համար ընդունելի՞ է։

– Արցախի Հանրապետության իշխանությունները հետևում են ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին: Կարծում եմ, խնդիրների կարգավորումն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքով և բանակցությունների միջոցով միշտ նախընտրելի է:

– Հայաստանի իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ Արցախի իշխանությունը, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղյակ է բանակցությունների մանրամասնություններից։ Արցախի նախագահն արդյոք Նիկոլ Փաշինյանին ասե՞լ է, որ արցախահայության համար «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հարցը» եզրույթն ընդունելի չէ, ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի իրացման հարցի առաջմղումը:

– Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների և հնարավորություն ունի փոխանցելու իր և ժողովրդի մտահոգությունները, հայտնելու Արցախի Հանրապետության իշխանությունների տեսակետը, որի առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության թեման:

– Տեղեկություններ ունե՞ք՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված մաքսակետն ապամոնտաժելու ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, այս պահին ի՞նչ արդյունքներ կան, միայն ռուսական կո՞ղմն է բանակցում Ադրբեջանի հետ։

– Միջազգայնորեն ընդունված Լաչինի/ Քաշաթաղի/ միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն անընդունելի է: Արցախի Հանրապետության դիրքորոշումն արտահայտված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմի հետ տվյալ հարցով ՌԴ խաղաղապահների վարած բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:

--00—ԶՀ