Աստծո ձայնը լսելի է բոլորին. Արցախի թեմը նախաձեռնել էր միջոցառում խուլ և համր երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Արցախի թեմ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի թեմը նախաձեռնել է միջոցառում խուլ ու համր երեխաների, ինչպես նաև խուլերի համայնքի այլ անդամների համար, տեղեկանում ենք թեմի մամուլի ծառայությունից։

Նախքան միջոցառումը երեխաները մասնակցեցին օրհնության կարգին, որից հետո տեղափոխվեցին եկեղեցու ներքնահարկի սրահ: Նախատեսված միջոցառումը սկսվեց մասնակիցների համար ժեստերի լեզվով ցուցադրված տերունական աղոթքով, այնուհետև նույն ձևաչափով ցուցադրվեցին Աստվածաշնչյան հատվածներ:

Արցախի թեմի ՔԴՔԿ տնօրեն արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մարդիկ հաճախ լսում են շրջապատի աղմուկը, ոչ թե իրենց ներքին ձայնը, իսկ խուլ ու համր մարդիկ ունենալով այդ առանձնաշնորհը` կարողանում են զգալ հոգու խորությունը և ունենալ ավելի ամուր կապ Աստծո հետ:

Մասնակիցները մեծ ոգևորությամբ մոտեցան այս նախաձեռնությանը և կամեցան, որ շարունակական լինեն այսպիսի միջոցառումները: Պատասխանը իրեն սպասել չտվեց. այսուհետ այս ձևաչափով ցուցադրություններ կկազմակերպվեն յուրաքանչյուր շաբաթ:

--00—ՍՊ