Ազգային ժողովի պատվիրակությունը Բրատիսլավայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

3704eac6-2f80-4708-bc60-0b8b397d36da.jpg

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Վլաչովսկիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ: Նա նշել է, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին` անչափ կարեւոր է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը: Նա բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականության հետեւանքները, Լաչինի միջանցքի արգելափակումը եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն եւ չնայած բոլոր մարտահրավերներին` ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին:

Սլովակիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը նշել է, որ ուրախ է երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար եւ հաստատել է Սլովակիայի աջակցությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:

Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Բրանիսլավ Սուսիլի հետ: Կարեւորվել է հայ-սլովակական տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդումը: Քննարկվել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության առկա ծավալների ավելացմանն ու արտահանվող ապրանքների տեսականու ընդլայնմանն ուղղված հեռանկարները:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան, Սլովակիայի նախկին արտգործնախարար Պավոլ Դեմեսի, ինչպես նաեւ Սլովակիայի Նիտրա քաղաքի Եպիսկոպոս Վիլյամ Յուդակի հետ: ԱԺ պատվիրակությունն այցելել է Սլովակիայի ագրարային համալսարան, «Վոլկսվագեն» ավտոմեքենաների գործարան:

Հանդիպումներին մասնակցել են նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը ու պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:

--00--ԶՀ