Հակառուսականությունը հասավ Արցախ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

artsakh

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի որոշ շրջանակներ մտահոգված են, որ ներքաղաքական վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Արցախի համար։ Երեկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ Արցախում բազմահազարանոց հանրահավաք-երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների։ Հավաքի գլխավոր պահանջն Արցախի ապաշրջափակումն էր, իսկ հասցեատերը՝ ռուս խաղաղապահները։ Հանրահավաքի մասնակիցները գուցե ստեղծված վիճակից օբյեկտիվորեն դժգոհ եւ որեւէ քաղաքական հոսանքի չհարող արցախցիներն էին, սակայն նախաձեռնողներն Արցախի հակառուսական տրամադրված շրջանակն է։

Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանության կողմից կառավարվող քաղաքական եւ ՀԿ-ների խումբը։ Պատահական չէ, որ ելույթների շեշտադրումները չէին տարբերվում Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներից, որոնք այս իրավիճակի միակ պատասխանատուն համարում են ռուսներին։

Մենք դեռեւս անցած շաբաթ գրել էինք, որ ակտիվիստներ Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպումից դժգոհ, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Օրեր անց նրանք պետնախարարի հետ էին հանդիպել, ով հորդորել էր 2 օր սպասել։ Իսկ երեկ՝ բոլորը միասին, այդ թվում՝ Արցախի նախագահը, հանրահավաք արեցին։ Հիշեցնենք նաեւ, որ Լենցովը նշված հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախի ճանապարհը, ըստ էության, Փաշինյանն է փակել իր հակաարցախյան հայտարարություններով եւ Ալիեւի հետ պայմանավորվածություններով։

Հանրահավաքին Արցախի ԱԺ ընդդիմությունը չի մասնակցել։ Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին էլ ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը, ով խաղաղապահների հետ ջերմ հարաբերություններ ունի եւ կարող էր կոնտրքայլեր նախաձեռնել։ Նրա դեմ հարուցված քրգործի հիմքում 74 միլիոն վարկի աննպատակային օգտագործումն է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 --00—ՍՊ