Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 29-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սող

Վրացի փրկարարները սողանքի հետևանքով զոհված ևս մեկ մարդու մարմին են հայտնաբերել բարձրլեռնային Ռաչայի երկրամասի Շովի հանգստավայրում։ Տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 29-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։

«Օնի մունիցիպալիտետի աղետի գոտում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարմին։ Այս պահի դրությամբ աղետի գոտում գտել են 29 մարմին, շարունակվում է ևս չորս մարդու որոնումը», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, տուրիստական քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Ըստ նախնական տվյալների՝ սարերից իջել է ավելի քան 5 մլն խորանարդ մետր բնահող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։

--00--ԼՀ