Ադրբեջանը Եվլախում հանդիպմանը արցախյան պատվիրակությանը ներկայացրել է «ինտեգրացիոն ծրագրերը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

269597

Ադրբեջանի իշխանությունները Եվլախում կայացած հանդիպմանը արցախյան պատվիրակությանը ներկայացրել են «ինտեգրացիոն ծրագրերը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Արցախի ներկայացուցիչները հանդիպմանը հայտնել են սոցիալական և հումանիտար հարցերի քննարկման համատեքստում վառելիքի հատուկ կարիքի մասին։

Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել պարենային ապրանքների տեսքով։

Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում, որի շրջանակներում քննարկվել են նաև ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրացիայի և հայ բնակչության կյանքի կազմակերպման հարցերը Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Քննարկման թեման եղել է «վերաինտեգրման մասին» հարցերը։

Նշենք, որ Արցախի պատվիրակությունը գլխավորել է պատգամավոր Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմինը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի հայերի հետ շփման պատասխանատու»:

--00—ՅՄ