Բրյուսովի պրոռեկտորը մանրամասնում է իր և գործընկերոջ ձերբակալման հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սա

Ես երեկ երեկոյան իմ ընկերոջը՝ Հակոբ Մադոյանին եմ հանդիպել, միասին տեղ ենք գնացել, ճանապարհին իմ ինքնազգացողությունը վատացել է, խնդրել եմ՝ կանգնեցնի մեքենան, ես իջել եմ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե իբր իր և ընկերոջ մոտ թմրանյութ է հայտանբերվել։

«Երբ ես մեքենայից դուրս եկա, մոտեցան պարեկները, ընկերս իրենց հետ խոսում էր, ես ուշադրություն չէի էլ դարձնում, որովհետև վիճակս թույլ չէր տալիս։ Մեկ էլ տեսնեմ՝ հանկարծակի ընկերոջս ձերբակալեցին, իբր թե ընկերս գրպանից թմրանյութ է հանել ու դուրս գցել։ Երբ ես հետաքրքրվեցի, հարցրի՝ կներեք, ի՞նչ է կատարվում, եկան, ինձ էլ ձերբակալեցին։ Ասեցին՝ վկա ես, դու էլ պետք է գաս բաժին»,- մանրամասնեց Մանուկյանը։

Ճշգրտող հարցին, թե արդյոք որևէ բան նետե՞լ է ընկերը, պրոռեկտորը հերքեց՝ ասելով․ «Իմ ընկերը նման բան չի արել, չէր էլ կարող իրեն նման բան թույլ տալ։ Մեզ տարան բաժին, հասկացան, որ ես կապ չեմ կարող ունենալ թմրամիջոցների հետ, ինձ ազատ արձակեցին, հետո՝ նաև ընկերոջս»։

Հետաքրքրվեցինք, պարեկները հետապնդե՞լ են, թե պարզապես կասկածներ ունեին ու կանգնեցրել են, Սահակ Մանուկյանը մանրամասնեց․ «Չէ, չէին հետևում, պարզապես տեսան, որ մեքենան կանգած է, մոտեցան մեքենային»։

Մանուկյանն այս ամենում դիտավորություն է տեսնում՝ այն կապելով իր գործունեության հետ․ «Ուղիղ 1 տարի է՝ մենք պայքարում ենք այսպես կոչված բուհական համակարգի խոշորացման դեմ։ Ես պայքարի ամենասկզբից եղել եմ շատ ակտիվ ու մինչև հիմա էլ շարունակում եմ իմ պայքարը․ անընդհատ գրություններ եմ ուղղարկում վարչապետին, նկարագրում եմ ԲՈՒՀ-ում տեղի ունեցող իրավիճակը, թե ինչ խախտումներ են տեղի ունենում և սա իրենց համար հարմար առիթ է»։

Հարցին, եթե ընկերը ոչ մի բան չի նետել, այդ դեպքում ահազանգով ժամանած քննիչները ինչպե՞ս են պարզել, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, Բրյուսովի պրոռեկտորը հայտնեց․ «Ես նշեմ, որ իրենք այդ պահին, երբ մեզ բերման են ենթարկել, որևէ գործողություն չեն իրականացրել։ 5 ժամ հետո նոր գնում են դեպքի վայր ու ասում՝ հեսա, էս գետնին ընկածները թմրամիջոցներն են։ Ես էլ իրավաբան եմ, ասում եմ՝ ներողություն, էս 5 ժամում ով ասես, ինչ ասես կբերեր, կգցեր։ Էդ պահին դուք ինչու՞ չարձանագրեցիք, որ դա թմրամիջոց է, որ միայն 5 ժամ անց եք էդ գործողություններն իրականացնում»։ 

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ