Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

փ

Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Էրինչ Սաղքանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։

Սաղքանը նշել է, որ Իսրայելը պատերազմական հանցագործություններ է իրականացնում Պաղեստինում՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքների միջազգային նորմերը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա, ընդգծելով տեղի ունեցողի անընդունելի լինելու փաստը, գործակալության թղթակցին հայտնել է, որ միությունը մտադիր է պատերազմական հանցագործություններ իրականցնելու հիմունքներով դատական հայց ներկայացնել Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարան։ 

«Պաղեստինում բացահայտ կերպով պատերազմական հանցագործություն է իրականացվում։ Այդ ընկալման մեջ տեղ է գտնում հիվանդանոցի հրթիռակոծումը։ Հիվանդանոցի հրթիռակոծումը հարձակում է, որին պետք է գնահատական տա Միջազգային քրեական դատարանը»։

Սաղքանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Միջազգային դերակատարները պետք է անհապաղ գործի անցնեն»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են մինչ օրս շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ։

  --00—ԼՀ