Ժողովրդին հուզող հայտնի քրգործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման. ԲԴԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_3

Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը:

Նման բեռնաթափման համար կամ պետք է քրեական դատավորների թիվը առնվազն կրկնապատկվեր և մոտարկվեր եվրոպական մինիմումին, կամ գտնվեին քրեական դատավարության օպտիմալացման օրենսդրական լուծումներ:

Բարձրագույն դատական խորհուրդը և քրեսկան ոլորտի տասնյակ դատավորներ 2022-ի դեկտեմբերին նախընտրեցին նախաձեռնել խնդրի լուծման օրենսդրական ճանապարհը, որը պետական բյուջեի վրա հսկայական լրացուցիչ բեռ չէր ենթադրում:

Արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում՝ քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ` խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից:

Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով:

Այս և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններով օրենսդրական փաթեթի մշակումն ու քննարկումները ընթացան ողջ 2023 ընթացքում, իսկ ամբողջական ընդունումը սպասվում է առաջիկա շաբաթներին»,- գրել է նա:

--00—ՅՄ