Բռնցքամարտիկները Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երկու հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1128508

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու երկու հնարավորություն կունենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա Իտալիայում մարտի 4-11-ը և մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում:

«Սովորաբար օլիմպիական վարկանիշային մրցաշարերը լինում էին երկուսը` եվրոպական և համաշխարհային, սակայն այս անգամ երկուսն էլ համաշխարհային մրցաշարեր են, ինչը դժվարացնում է մեր գործը»,-ասաց Աղամալյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

--00—ՅՄ