Կիևում հայտնել են, որ ավելի քան 8000 ուկրաինացի գերության մեջ է Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ւկ

Առնվազն 8000 ուկրաինացի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, մինչ այժմ գերության մեջ են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռազմագերիների հետ վարվեցողության հարցերի համակարգող շտաբի ներկայացուցիչ Յուրի Տարանյուկը։

Ուկրաինայի արտգործնախարարությանն առընթեր Մարդու իրավունքների, գենդերային հավասարության և բազմազանության հարցերի խորհրդի նիստում Տարանյուկը հայտնել է, որ ՌԴ ռազմական գործողությունների ընթացքում Մոսկվայի հետ համաձայնեցվել և իրականացվել է գերիների 49 փոխանակում։

  «Համակարգող շտաբի նպատակն է ռուսական գերությունից Ուկրաինա վերադարձնել բոլորին և յուրաքանչյուրին։ Դա վերաբերում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ ռազմագերիներին։ Ներկայում իրականացվել է 49 փոխանակում, և տուն է վերադարձվել 2828 մարդ, որից 2681-ը՝ զինվորականներ: Վերադարձվել է նաև 147 քաղաքացիական անձ: Այժմ գերության մեջ է գտնվում ավելի քան 8000 մարդ: Այս թվից ավելի քան 1600-ը քաղաքացիական անձինք են», - Յուրի Տարանյուկի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ Համակարգող շտաբը շարունակում է տասնյակ հազարավոր այլ ուկրաինացիների որոնումները, որոնք անհետ կորածի կարգավիճակում են։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել այս տարվա սկզբին։ Հունվարի 3-ին հայրենիք է վերադարձել է 230 ուկրաինացի։ Մինչ այդ գերիների փոխանակում էր տեղի ունեցել 2023 թ. օգոստոսին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել էին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի կողմից խոցված ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։ 

--00—ԼՀ