Մշակող արդյունաբերությունում ԼՂ-ից բռնահանվածներին աշխատանքի ընդունողները կօգտվեն աջակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

աշ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում այն գործատուներին, որոնք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի են ընդունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մանրամասնելով, որ աջակցությունն ուղղված է այն անձանց, ովքեր նոր են մուտք գործում մշակող արդյունաբերության ոլորտ և չունեն բավականին փորձ, գիտելիքներ այդ աշխատանքի համար։

«Ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գործատուն բավականին ժամանակ, ռեսուրսներ և ջանք է գործադրում, որ նոր աշխատողն ունենա բավականաչափ արտադրողականություն։ Այդ պատճառով մենք նախատեսել ենք միջոցառում, որով եթե մարդը, որը նախկինում չի աշխատել տվյալ ոլորտում և գալիս է այստեղ, ապա մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո գործատուին կտրամադրվի փոխհատուցում վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով։ Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում, այն է՝ 500 հազար դրամ տարեկան»,-մանրամասնել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ ըստ հաշվարկների, վերջինս բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 հազար դրամ աշխատավարձով և գործատուն ստանա համապատասխան փոխհատուցումը տարեվերջին։

Ըստ բանախոսի՝ մեկ տարի ժամկետն ընտրվել է այն տեսանկյունից, որ   առնվազն 6 ամիս է պետք, որպեսզի աշխատակիցը ստանա բավականաչափ գիտելիքներ ու հմտություններ և նույնքան էլ ժամանակ է անհրաժեշտ, որ նա դառնա ընդհանուր թիմի մաս՝ ունենալով այն արտադրողականությունը, որը թույլ կտա գործատուին օգուտ ստանալ։

Գևորգյանը հայտնել է, որ այս ծրագիրը գործում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Երբ աշխատակիցը նոր է մուտք գործում  ոլորտ, հարկային համակարգի միջոցով հնարավոր է կատարել ստուգում և եթե այս աշխատակիցը չի աշխատել ոլորտում անցյալ 3 տարիների ընթացքում, ապա նա կարող է դառնալ ծրագրի շահառու»,-պարզաբանել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների դեպքում որոշ առանձնահատկություններ են սահմանվել և չկա քաղաքացիության պահանջ, բացի այդ չի ստուգվում նախկինում ունեցած աշխատանքային փորձը։

--00—ԼՀ