ՌԴ-ն ՀՀ-ից ՄՔԴ-ին միանալուց հետո լրացուցիչ հավաստիացումների անհրաժեշտություն է տեսնում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալուց և Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Մոսկվան Երևանից լրացուցիչ հավաստիացումներ է սպասում։ Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ՀՀ այցելության ու նրա կալանավորման մասին։

Հիշեցնենք, որ բրիտանական The Telegraph-ի լրագրողը երեկ Փաշինյանին հարցազրույցի ժամանակ ուղիղ հարց էր տվել, թե ինչ կանի Հայաստանը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելի Երևան այն դեպքում, երբ վերջինս հետախուզման մեջ է Միջազգային քրեական դատարանի կողմից, որին էլ վերջերս միացել է ՀՀ-ն։

Փաշինյանը, խուսափելով ուղիղ պատասխանից, հայտարարել էր, թե ՀՀ—ն «իրավական պետություն է, որտեղ իրավական գործընթացները չեն կատարվում վարչապետի որոշմամբ»։

Պեսկովը, շարունակելով թեման, նաև ավելացրել է, որ Միջազգային քրեական դատարանին միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների վրա, ինչպես նաև հավելել էր, թե «ՌԴ-ն պատրաստակամ է այս հարցում շարունակել հայ գործընկերների հետ երկխոսությունը»։

Մանրամասները՝ կից ձայնագրությունում։

 

--00—ԱՊ