ԼՀ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ անդրադարձավ կառավարության կառուցվածքի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկությունների փաթեթին՝ ասելով

«Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները կառավարությանը ներկայացրել են այլընտրանքային մոդելի նախագիծ, որի իրավունքը Հայաստանի Սահմանադրությամբ, մենք չունենք, դա կառավարության տիրույթում է։ Մակունցը կարծիք հայտնեց, որ դա իրատեսական չէ։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, Մակունցն ասաց, որ իշխանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական մարմիններ։

«Նպատակահարմար չենք գտնում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ տարբեր երկրների հետ կապված մտահոգություններ։ Միգուցե, հետագայում խոսենք, քննարկենք, հասկանանք, որ նման խնդիր չկա»,- նշեց Մակունցը և հավելեց․

«Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է ու չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքները ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս»։ 

Իշխող խմբակցության ղեկավարը նաև հետևյալ դիտարկումն արեց․

«Բոլորս՝ դուք, նաև մենք ցանկանում ենք, որ ԱԱԾ-ի, ոստիկանության գործունեությունը դառնա հրապարակային և, օրինակ, նրանք ևս ներկա լինեն կառավարության հետ հարցուպատասխանին, այս դահլիճում։ Այժմ, «Իմ քայլը» խմբակցության անունից ես բաց առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է ձեզ հետ հենց վաղը մշակել մի նախագիծ, որով մենք Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կարող ենք հրավիրել հարցուպատասխանի և նրանք կպատասխանեն մեր հարցերին»,- ասաց Լիլիթ Մակունցը։

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս