Նոր մանրամասներ՝ «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից․ կասկածյալը համաներմամբ էր ազատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կասկածյալը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում։

Ըստ աղբյուրի՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ վերջինս մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։

1

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ - հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ 23-ամյա կասկածյալին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց էին տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք էր ստացել, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք էր ստացել: Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով:

Ըստ աղբյուրի՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ, 8-րդ հիվանդանոց: Վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր:

1