Ֆիզիկապես ամուր, տակտիկապես գրագետ հավաքական է. բարդ հանդիպում է սպասվում. Կամո Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ff

Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ կայացած ասուլիսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

«Խաղին պատրաստվել ենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ, ոչ մի արտասովոր ձևով չենք պատրաստվել։ Ուսումնասիրել ենք մրցակցին։ Բարդ հանդիպում է սպասվում, քանի որ Չեխիան շատ որակյալ հավաքական ունի։ Ֆիզիկապես ամուր, տակտիկապես գրագետ հավաքական է. մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։

Շատ հաճելի է, որ հատում եմ 80 խաղի սահմանագիծը։ Ես էլ էի երեկ հիշել, որ գրեթե 12 տարի է՝ հանդես եմ գալիս հավաքականում և ամեն անգամ հաճելի լարվածություն եմ զգում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելիս, դա ինձ համար ամենակարևորն է։ Հույս ունեմ, որ վաղը դուրս կգամ խաղադաշտ և վերջինը չի լինի, էլի հանդիպումներ կանցկացնեմ։

Իհարկե, հիշում եմ Չեխիայի դեմ հաղթական խաղը, դա մոռանալ չի լինի։ Շատ գոհ էինք մեր անցկացրած խաղից, բայց սա ուրիշ հանդիպում է լինելու, որովհետև այն հավաքականն ուրիշ հավաքական էր, այս հավաքականը՝ լրիվ ուրիշ։ Երևի դժվար կլինի կրկնել այն, բայց կփորձենք լավ հանդես գալ, դրական արդյունքի հասնել»,- ասաց Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ Armsport