ՏԿԵ նախարարությունում կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

տկե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։

Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ։

Նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից տրամադրվող շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ։ Յուրաքանչյուր դեպքով ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

--00—ԼՀ