Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի կենտրոնում գտնվող ճամբարին, կան զոհեր. Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1134316

Իսրայելական բանակի ինքնաթիռները հարված են հասցրել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի Ալ-Մաղազի ճամբարում տեղակայված տեղական խորհրդի շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը:

Կան զոհեր, որոնց հստակ թիվը չի նշվում։

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազայի կենտրոնի Ալ-Մաղազի ճամբարում գտնվող խորհրդի շենքը, ինչի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ Ալ-Մաղազի բնակավայրի ղեկավարը», - հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով տեղի իշխանությունների հասարակայնության հետ կապերի գործակալությանը:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 200-ը։

--00—ՅՄ