ԴԱՀԿ նախկին պետին ՌԴ-ն քաղաքական ապաստան չի տա․ նա ունի մեղադրյալի կարգավիճակ․ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Նիկոլայ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան  Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ վստահ է՝ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Ռուսաստանը քաղաքական ապաստան չի տրամադրի։ 

Նիկոլայ Բաղդասարյանը, որ փաստաբանական գործունեության տարիների փորձ ունի,  կարծում է, որ Միհրան Պողոսյանի դիմումը, հնարավոր է, նույնիսկ չքննարկվի։ Իսկ եթե նույնիսկ քննարկվի, ապա չի կարող բավարարվել մի քանի պատճառով։

«Քաղաքական ապաստան հայցելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի, որ Հայաստանում քաղաքական հայացքների հետ կապված խնդիրներ կան։ Միհրան Պողոսյանը չի կարող ստանալ ո՛չ քաղաքական ապաստան, ո՛չ ապաստան քաղաքական հայացքների համար։ Նրա հայտը անգամ չի կարող քննարկվել, քանի որ այդ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս», - ասել է Բաղդասարյանը և հավելել, որ Ռուսաստանում ապաստան հայցելու մասին դիմումն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, բովանդակային չի քննարկվում, հետևաբար Միհրան Պողոսյանը մի քանի օրից կստանա մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ նրա դիմումը չի քննարկվում, քանի որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Նախկին փաստաբանը նաև նշել է, որ Միհրան Պողոսյանն ապաստան ստանալ չէր կարող այն պատճառով, որ պետք է անմիջապես դիմի այդ երկրի իշխանությանը, երբ հատում է երկրի սահմանը։

«Անհապաղ դիմելու պահանջը չի կատարվել։ Եթե նա անգամ մեղադրյալ չլիներ, եթե ինքը ոչ թե քաղաքական ապաստան, այլ ապաստան հայցելու դիմում ներկայացնի, միևնույն է՝ նրա դիմումը չէր կարող քննարկվել միջազգային պայմանագրերի համաձայն»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։