Թույլ չեմ տվել ԵՊՀ-ում որևէ կուսակցության գործունեություն․ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տարօրինակ է համարում հեղափոխությունը բուհեր մուտք գործելու մասին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ համալսարանական կառավարման փոփոխությունը պետք է լինի օրենսդրության համաձայն։ 24TV- ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը չի հերքել, որ բուհում կան թերություններ, միաժամանակ, նա ընդգծել է, որ այդ թերությունների դեմ պայքարը պետք է լինի անընդհատ։

«12 տարի է՝ ես ռեկտոր եմ, բազկաթոռին կպած չեմ, պրոֆեսոր եմ դասախոս, ունեմ հնարավորություն շարունակել այստեղ իմ գործությունը դասախոսի կարգավիճակով»,- ասել է նա։

ԵՊՀ ռեկտորը դրական է գնահատում «Ռեստարտ» նախաձեռնության գործունեությունը։ Նա ընդգծել է, որ բաց է գործակցության համար։

«Եթե գործունեությունը բացասական է, պետք է այդ մարդիկ հեռանան, բայց եթե այդ գործունեությունը միտված է բարձրագույն կրթության ոլորտի բարելավմանը, որակի բարձրացմանը, նրանք իրենց վերապահված իրավունքները պետք է իրագործեն»,- ասաց նա։

Արամ Սիմոնյանը նաև հայտարարել է, որ որպես կուսակցական, երբեք կուսակցականությունը չի օգտագործել  համալսարանի ներսում, հակառակը՝ բազմիցս թույլ չի տվել համասարանի ներսում քաղաքական գործունեություն վարել։