ՀՔԾ որոշումը հիշեցնում է նախկին իշխանությունների ձեռագիրը․ լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

Հատուկ  քննչական ծառայությունը կասեցրել է 2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը։ Այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ նույնպես ուժ էր կիրառվել:

Լրագրող Ռոբերտ Անանյանը, որը նռնակի պայթյունի հետևանքով ոտքերի և ձեռքի բեկորային վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոցում էր գտնվում, համոզված է՝ քննչական մարմնի այս որոշմամբ  արտահայտվում է իշխանության դիրքորոշումը, որն իր գործելաոճով հիշեցնում է նախկին իշխանությունների ձեռագիրը։

ՀՔԾ լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ համաձայն որի կասեցումը չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:

Իրավապահ մարմնի հայտարարությունը, սակայն, մխիթարիչ չի համարում լրագրողական հանրությունը։ Այս գործով լրագրողների իրավունքների շահերը պաշտպանող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ՀՔԾ որոշումը բողոքարկելու է դատախազություն։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծել է, որ կասեցված գործը կարող է տասնամյակներ շարունակ այդպես մնալ։ Որքան շատ է ժամանակ անցնում, այնքան պակասում է գործի բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հավանականությունը։