Ինչպես ստեղծվեց այս արհեստական օրակարգը․ Ռուստամ Բադասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1, 24News

ռուստամ բադասյան

Ստամբուլյան կոնվենցիան ինքնին գնալու է Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դա նախատեսված է, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին ու ճնշման փորձին, ապա ընդամենը խորհրդատվական կարծիք է, մենք Վենետիկի հանձնաժողովին չենք հարցնում սահմանադրականության հարցը, մեր հարցադրումները Վենետեկի հանձնաժողովին այլ են», - ասաց նա։

Հարցին՝ ինչու՞ է որոշվել կոնվենցիան ուղարկել Վենետիկի հանձնաժողով, նա պատասխանեց՝ որոշվել է, որովհետև կարծում են, որ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել։

Ինչ վերաբերում է կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին՝ նախարարն ասաց, թե քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել՝ ինչի տակ են ստորագրում։

«Որովհետև որոշակի լուրեր ինձ հասել են, որ, օրինակ, ասում են՝ «սա ի՞նչ է, ինչի դեմ ենք ստորագրում», ասում են՝ «սա այս, այն երևույթներն է կարգավորում ու փորձում է ներմուծել Հայաստանի իրավական համակարգ, մեր ազգային ավանդույթների դեմ ինչ-որ բաներ» և մարդիկ, ելնելով դրանից, ստորագրում են», - ասաց նա։

Ռուստամ Բադասյանը կոչ արեց ինքնուրույն ծանոթանալ կոնվենցիայի տեքստին։

«Եթե կոնվենցիան վավերացվի, ես ուրախ կլինեմ, որ դուք՝ լրագրողներդ, մեկ տարի, երկու տարի ու այդպես շարունակ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ կոնվենցիայում կան կետեր նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին կամ նրա, որ նույնասեռականները կարող են երեխա որդեգրել, զանգահարեք ու հարցնեք՝ «ինչի՞ չեղավ դա»», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովից պատասխանը ստանալու են հոկտեմբերին։

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցությունում մի շարք պատգամավորներ դեմ են արտահայտվում կոնվենցիային՝ նախարարն ասաց, թե բոլորի քննադատությունները պատրաստ են լսել, աշխատել բոլորի հետ։

Բադասյանը նշեց, որ այս հարցի շուրջ տարբեր մեկնաբանությունների միտում է տեսնում։

«Թե ինչպես ստեղծվեց այս արհեստական օրակարգը, ինչու՞ արհետսական, որովհետև ես միտում եմ տեսնում իշխանություններին հարվածելու տարբեր կողմերից ու տարբեր մեկնաբանություններով։ Փաստարկների մեծ մասը ես համարում եմ արհեստական», - ասաց նա։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ կոնվենցիան կանանց դեմ բռնության պայքարն ինստիտուցիոնալ մակարդակում է դնում։

«Եթե կինն այսօր բռնության է ենթարկվում ընտանիքում, մինչև որևէ մարմնի դիմելը, պետք է վստահ լինի, որ այդ մարմինն ամենայն պատասխանատվությամբ կմոտենա իր դիմումին կամ ինքը կունենա հոգեբանական աջակցություն։ Կոնվենցիան ինստիտուցիոնալ մակարդակում բոլոր այդ հարցերն է կարգավորում, ինչպես նաև նախատեսում է իրավապահ մարմինների  վերապատրաստում այս հոդվածներով», - ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանը հերքեց այն լուրեը, թե Եվրոպական կառույցներից ճնշում կա Հայաստանի վրա՝ կոնվենցիան վավերացնելու հարցում։