Քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել ցաքուցրիվ ձայներ․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդես է եկել ««Ձուկը դեռ ջրում է» խորագրով գրառմամբ,

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

««Ձուկը դեռ ջրում է» ...

Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։

Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել սկզբում ցաքուցրիվ, հետո՝ ավելի կազմակերպված ձայներ։

Հայաստանում իշխանափոխության ակունքների մասին շատ է խոսվել։ Այստեղ միայն փաստեմ, որ մեր սխալները միայն առիթ էին, իսկ տեղի ունեցածի պատճառները՝ շատ ավելի խորն էին։

Ռուսական, իսկ հետո՝ Խորհրդային տարածքի մտավորականությանը մշտապես բնորոշ երկու էքզիստենցիալ հարց ձեւավորեց երկրիս «սեւական» օրակարգը. «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել»։

Հերթով անդրադառնամ։

«Ով է մեղավոր»

Երկրում ստեղծված իրավիճակի համար հանրային-քաղաքական դիսկուրսը մատնանշում է մեղավորների հետեւյալ հիմնական երկու տարբերակը. 

1. Սերժ Սարգսյան

Ա) «Սաղ Սերժնա մեղավոր» աղանդի հետեւորդների համար կա անցյալի, ներկայի եւ ապագայի դժբախտությունների եւ անհաջողությունների մեկ միասնական ամենափրկիչ բանաձեւ, ըստ որի՝ իր, իր մորաքրոջ աղջկա, իր բաջանաղի հարսի եւ ընդհանուր երկրի խնդիրների մեջ իր մշտական, անսասան եւ մոգական ազդեցությունն ունի Հայաստանի երրորդ նախագահը։ Այս ուղղության երկրպագուների քաղաքական հավատամքը խարսխված է «Սաշիկի 50/50»-երի, «կազինոներում Սերժի տանուլ տված միլիոնների» եւ Բադեն-Բադենի լողավազանում թրջված դեղին լողազգեստի վրա։

Բ) «Մեկա Սերժնա մեղավոր»։ Այս հոսանքի հետեւորդների թիվը ավելանում է օրեցօր, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս ուղղությունը ինքնուրույն ապագա չունի, այլ հանդիսանում է Ա. կետից հիասթափված, բայց սեփական սխալը եւ քաղաքական միամտությունը դեռեւս չընդունող մարդկանց ժամանակավոր ապաստան։ Նրանց ինքնախաբեության բանաձեւը մոտավորապես հետեւյալն է. «Թող նորմալ կառավարեին, մենք էլ Նիկոլի հետեւից չգնայինք»։ Առավել արժանահավատության համար այն կրկնվում է օրական առնվազն 5 անգամ՝ տաքսիից մինչեւ բլոտի սեղան եւ ուղեկցվում է շրջապատի կողմից «բա իհարկե, ախպեր», «հաստատ, ցավդ տանեմ», «տո սաղ դրանց տակա» բնույթի սույն մարգարիտը բետոնող հավաստիացումներով։ Նախորդ իշխանությունների բազում բացթողումներով հանդերձ, նման մարդիկ իրենց կատարած սխալ ընտրության պատճառներն ու հետեւանքները մշտապես փորձում են գցել ուրիշների վրա։ Վերջիվերջո, կարճ ժամանակի ընթացքում նրանք կունենան բավարար խիզախություն ընդունելու այդ ընտրության պատասխանատվությունը՝ անկախ նախորդների բացթողումներից, եւ կտեղափոխվեն 2-ի Բ խումբ։

Գ) «Նիկոլը Սերժի մարդնա» վարկածի կողմնակիցները ունեն ընդամենը մեկ փաստարկ. «Սերժը շախմատա խաղում ու սաղ հաշվելա»։ Որքան էլ մեծ է խորհրդավորության եւ ամենազորության գայթակղությունն ու նման սուպերմենի տեղակալ լինելու իրողությունը, այնուհանդերձ փաստեմ, որ անգամ ամենասարսափելի երազում նման անտրամաբանական եւ քայքայիչ կոմբինացիա մեր մտքով անցնել չէր կարող (գիտենք, թե այդ վարկածը որտեղ է եփվում։ Կգա ժամանակը՝ բոլորը կիմանան)։ Հնարավոր չէր, ինչպես ժողովուրդն է ասում, առկա ընդդիմադիր բազմազանության մեջ համբուրել հենց Նիկոլ Փաշինյանի ճակատը։

2. Նիկոլ Փաշինյան

Ա) «Թավիշը շատա»

Դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Նիկոլը բավարար չափով խիստ չէ նախկինների հանդեպ։ Որ Հանրապետության, Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակների ասֆալտը պետք է ողողել «հանցավոր ռեժիմի» արյամբ, ու ամեն ինչ լավ կլինի։ Այս մոտեցման հետեւորդները, ըստ ամենայնի, հյուսիսային շամանների ժառանգորդների պես կարծում են, որ իրենց պայծառ ապագան կախված է հորինված աստվածներին մատուցված զոհերի քանակից։ Իրականում նրանց մտքին իշխանությունը Նիկոլի ձեռքից «պերեխվատ» անելու մոլուցքն է, եւ, պարադոքսալ է, բայց փաստ, որ նրանք դե ֆակտո իշխանությունների աղախինն են, քանզի իրենց ֆոնին Նիկոլը ներկայանում է որպես չարյաց փոքրագույն։

Բ) #SutNikol

Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը,  եւ անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ։

«Ի՞նչ անել»

Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետեւորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկությունն ունեն։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման եւ անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի։ Ուստի պետք է՝

1. Մոռանալ «հների» եւ «նորերի» մասին, քանզի մեր` ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում այդ բաժանումը խիստ պայմանական է։ Ո՞վ է նորը։

Իր քաղաքական կենսագրությունը համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից վերաշարադրող Նիկոլ Փաշինյա՞նը։ Կառավարության կեսը կազմող «հին» դեմքե՞րը։ Չբերեք ԱԺ-ում մարդահաշիվ դարձած, բայց քաղաքական արժեք չներկայացնող ու չստեղծող տասնյակ իշխանական պատգամավորների անուններ։ Նրանք այս խաղի մեջ ընդամենը քաղաքական կրախմալն են, օսլան, որ տարածք ու տեղ է գրավում, ծավալ ստեղծում, բայց որակ չի տալիս։

Մեր օրոք իշխանական ամենաազդեցիկ դիրքերը զբաղեցնող, իսկ այսօր առանձին խաղացող դարձած մարդի՞կ են «նոր»։ 

2. 30 տարվա ընթացքում բոլորն այնքան են միահյուսվել, խառնվել ու փոխկապակցվել իրար, որ նման բաժանումները պարզապես ծիծաղելի են։ Անտարակույս, իրենց նորովի դիրքավորող մարդիկ ընդամենը կիսամոռացված, իսկ հաճախ՝ չմոռացված «հինն» են։ 

3. Անշուշտ, վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է։ Միշտ այդպես է եղել։

4. Դադարել խոսել ռեւանշի մասին։ Եթե համաշխարհային պատմության մեջ ժամանակին պարտության մատնված քաղաքական ուժերի ցանկությունը վերակառուցվելով շարունակել պայքարը դիտարկել որպես ռեւանշիզմ, ապա, այո, քաղաքակիրթ աշխարհի ողջ պատմությունը ռեւանշիզմի պատմություն է։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգ եւ ոչ մի երկրում չէր կայանա, եթե նախկին իշխող ուժերը անհաջողություններից հետո վերանային ասպարեզից։ Մեր դեպքում ասեմ ավելի կտրուկ՝ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ կայուն քաղաքական համակարգ, ապա բացառիկ ինստիտուցիոնալ կուսակցությունը պարտավոր է ներկայացված լինել երկրի քաղաքական կյանքում։

5. Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»։ Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը։ Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին եւ ... փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող։

6. Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ եւ կիսաեզրափակիչներ։

Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով։ Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ..

7. Եվ վերջինը։ Դիրքավորում, վերադասավորություն, հայտագրում՝ ամբողջը հասկանում եմ... Բայց շտապում եք, տղերք։ «Ձուկը դեռ ջրում է»...

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news