«Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի հաղթողները հայտնի կդառնան Բիշքեկում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անցկացվող «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի հաղթող ընկերություններն այս տարի հայտնի կդառնան Բիշքեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Խաժակ Կարայանը:

«Հայաստանում անցկացված կիսաեզրափակչի ընթացքում 10 ընկերությունից արդեն ընտրվել են 3-ը, որոնք սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցեն «Եվրասիական շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվող «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի եզրափակչին»,- ասաց Կարայանը:

Մրցույթի նպատակն է գտնել հետաքրքիր ծրագրեր, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության թվային միջավայրի զարգացմանն ու թվային օրակարգի հաստատմանը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթին մասնակցելու համար այս տարի ավելի փոքր թվով ընկերություններ են դիմել, Կարայանի խոսքով` այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ իրենք մի փոքր ավելի նեղ ոլորտներ են ընտրել մասնակից ընկերությունների ներկայացրած ծրագրերի համար:

«Մրցույթն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի, երբ մասնակցելու ցանկություն էին հայտնել միության անդամ 5 երկրների 500 ընկերություն: Այս տարի մենք մի փոքր նեղացրել ենք մասնակիցների գործունեության տիրույթը: Որոշել ենք մրցույթը խաղարկել միայն այն ծրագրերի շրջանակում, որոնք հետաքրքրություն են առաջացնում գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի ոլորտում: Այդ պատճառով մասնակիցների քանակը մի փոքր քիչ է»,- նշեց Խաժակ Կարայանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենը նշեց, որ մրցույթի հաղթողներին սպասվում է խոշոր դրամական պարգև, սակայն հատկապես նոր ստեղծված ընկերությունների համար առավել կարևոր է ճանաչումն ու հանրայնացումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news