ԿԲ նախագահն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամին․ կողմերը բարձր են գնահատել նիստի արդյունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ջավադյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաև ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԿԲ  հասարակայնության  հետ կապերի ծառայությունից:

Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության և ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն: Հատկապես կարևորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունումը և դրանում կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են նաև ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը և հետագա անելիքները:

Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում: