Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կառուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 2018թ. մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գյումրու 40 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն, խախտելով կառավարության կողմից հաստատված՝ հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը, 2014թ. սեպտեմբերից մինչ 2018թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.8մլն դրամի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր:

Դրանցով տնտեսվարողները պարտավորվել են պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին համապատասխանող սննդի ծանրոցներ մատակարարել  դպրոց: Սակայն դպրոցի տնօրենը և անհատ ձեռնարկատերերի լիազոր ներկայացուցիչները պարբերաբար, երկուստեք կազմել և հաստատել են բովանդակությամբ կեղծ սննդի հանձնման-ընդունման արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում 684-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ:

Այդ կերպ դպրոցի տնօրենը նշված երկու անհատ ձեռներեցների լիազոր ներկայացուցիչների օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 11.6մլն  դրամ գումար: Բացի այդ, 2015թ. հունվարից մինչ 2018թ. մարտ ամիսը ներառյալ ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաների ծնողներին չի վճարվել ծրագրով նախատեսված  ճանապարհածախսի գումարներից 1մլն դրամը, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով: Տնօրենի կողմից նախաքննության ընթացքում նաև դատախազության աշխատանքի արդյունքում նշված պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Իսկ նշված տնտեսվարողներից մեկի լիազոր ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: (Նկատի ունենալով, որ մյուս մատակարարին մեղասագրվել է միջին ծանրության հանցավոր արարք, որը վերջինս կատարել է առաջին անգամ, նախաքննության ընթացքում աջակցել է գործի քննությանը, դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազը հաստատել է նշված գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news