«Արցախցին օժտված է բոլոր իրավունքներով». ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աննա

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել է նաև Ֆրանսիայի դատարանների կողմից՝ Արցախի հետ քույր քաղաքների համաձայնագրերը չեղարկելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և հավելեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի քաղաքապետեր և խորհրդարանականներ:

«Ֆրանսիայի և հայ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը կազմում է մեր օրակարգի անբաժան մաս: Նախարար Մնացականյանը ողջունել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների այն քայլը, որ իրենք այցելել են Արցախ, ինչպես նաև Արցախի հետ բարեկամական կապերի ամրապնդման ուղղությամբ իրենց շարունակական քայլերը: Այս հարցում մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու դրանց իրացումը պայմանավորված չեն բնակության վայրի կարգավիճակով: Արցախցին՝ որպես մարդ, օժտված է բոլոր իրավունքներով և նա կարող է նաև ազատ իրացնել՝ անկախ այն տարածքի կարգավիճակից, թե որտեղ է բնակվում: Այդ իրավունքների շարքին է դասվում նաև աշխարհի հետ ազատ շփվելը»,- նշել է Աննա Նաղդալյանը։

Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել վերջիններիս ներդրումն ու նշանակալի ավանդը հայ-ֆրանսիական ամրապնդման և երկու ժողովրդի միջև փոխադարձ հարգանքի և վստահության խորացման գործում:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: