Նամակ բանտից 2․ «Արա՛, դու քանի գլուխ ունես վրեդ....»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

Բարեւ, ո՞նց ես։ Ո՞նց ա կյանքը ազատության մեջ։ Ասենք խի՞ եմ հարցնում՝ սիրո ու թավշյա Հայաստանում ես ապրում, հո մեզ նման ծանր կյանքով չես ապրում, չնայած մենք էլ ենք Հայաստանում ապրում։

Լսի, ընկեր ջան, մտածում եմ՝ կարո՞ղ ա նամակներս մի օր գիրք դառնա՞, կարդալուցդ հետո մի պատռի։ Խնդրում եմ դրանք պահես դարակիդ մի անկյունում, համ էլ տենց կհիշես ինձ։

Անցնեմ բուն թեմային: Էն օրը «զոն նայողը» մտավ մեր մոտ։ Նստեց, խոսեցինք դես ու դենից, սուրճ եւ այլն....Էդ պահին նոր բռնվածներից մեկը եկավ ու դիմելով նրան՝ կատակով հարցրեց. «Թագավոր ջան, ե՞րբ ես գնում կաբինետդ, գամ ընդունելության»:

Սա գույն առավ, գույն տվեց, ու էս մարդուն ասաց՝ արի նստի։ «Արա՛, համ թագավոր, համ կաբինե՞տ, դու քանի՞ գլուխ ունես վրեդ, որ ինձ տենց բան ես ասում, ի՞նչ կաբինետ, արա՛», - ասաց «պալաժենին»: 

Չսպասելով պատասխանի, միանգամից քացով խփեց էս մարդու դոշին։ Խեղճ տղան ընկավ գետնին , ու սա սկսեց ոտքերով՝ կատաղած խփել փորին, մեջքին։ Ցավից գալարվելով ու բղավելով ծեծվողը հազիվ ձեռքերով գլուխն ու դեմքն էր փակել։ Բայց ծեծողը դեմքին չէր էլ խփում, որ հետքեր չմնան ու նկատող չլինի (հետո իմացա, որ այստեղ ծեծն էլ «հատուկ» ձեւ ունի)։ Էդպես էլ չհասկացա, թե կաբինետի մեջ ի՞նչ վատ բան կար, կամ գուցե եթե թագավոր, ապա պալա՞տ։

8 հոգով նայում էին, թե ոնց ա ծեծում էդ տղային։ Չդիմացա։ 

-Բայց խի՞, ինչ ասաց, որ ջղայնացար,-հարցրի ես։  

-Աչքիս քեզ էլ պիտի հասկացնեմ, արա՛,- շրջվելով դեպի ինձ՝ ասաց «պալաժենին»:

-Բայց հասկանալու ի՞նչ կա,- պնդեցի ես։                                           

-Արա‘, սա լրիվ տունը չի, մի հատ բացատրեք՝ որը որից հետո ա ստեղ,-ասաց նա՝ փրփրած դուրս գալով մեր մոտից։

Էդ պահին փորձեցի նորից հասկանալ հարցի էությունը, երբ ստաժավոր բանտարկյալներից մեկը աչքով-ունքով հասկացրեց, որ սուս մնամ։ Ծեծողի գնալուց հետո ինձ «հասկացրին», որ գաղութում տեր ու տիրակալն ԻՆՔՆ ա, գողերը իրեն են վստահել էս տունը, ու իրա ճշտով պիտի ամեն ինչ արվի։

Մոտ 20-25 րոպեից «պալաժենին» նորից եկավ ու միանգամից հարցրեց մի քանի անգամ դատապարտվածին։        

-Հը,  հասկացա՞վ մեր ջահելը որը որից հետո ա,-հարցրեց նա, ով մի 12 տարով փոքր էր ինձնից (բայց քանի որ ես «պերվախոդկա» եմ, այսինքն առաջին անգամ եմ դատվում, ուրեմն գողական ժարգոնով՝ ջահել եմ)։                                                          

-Հա’, հասկացավ ամեն ինչ, ախպեր ջան, սաղ «ուլադիտ» արեցի,- ասաց ստաժավոր նստողը։                                  

Սակայն ոչինչ էլ չհասկացա։ Չհասկացա ամենակարեւորը՝ անտարբերությունը, մարդուն ծեծում են, ոչ մեկը չի համարձակվում խառնվել:  Նույնիսկ աշխատողները, որոնք պիտի մեր անվտանգությունը ապահովեն, եկան, տեսան ու միայն մի զգուշացում՝ մի քիչ հանգիստ մնացեք։ Չհասկացա գողական կյանքի չգրված օրենքների ճիշտը. արդյո՞ք տփելն ա ճիշտը։ Հարցեր, որոնք հլա պիտի պարզեմ։ Այնպես որ, երբ ես հասկանամ որը որից հետո ա, անպայման քեզ էլ կգրեմ, ջահել ջան...

ԱՌՆՈ ԱՐՇԱԿՈւՆԻ

Հ.Գ. Սա բանտից ուղարկված թվով երկրորդ նամակն է, որ հրապարակում ենք։ Նամակի հեղինակը այս պահին կալանավայրում է եւ այս նամակները նա ուղարկել է ընկերոջը։ Բնականաբար, էթիկայի նորմերից, ինչպես նաեւ անվտանգությունից ելնելով՝ դատապարտյալի անուն-ազգանունը փոխված է։

Նշենք, որ նամակները տպագրվում են հեղինակի համաձայնությամբ։ Նամականու այս շարքով որոշեցինք հասարակությանը իրազեկել անազատության մեջ գտնվողների լավ ու վատ, հետաքրքիր ու լարված առօրյայի մասին։ Գուցե՞ սրանով նպաստենք կալանավայրերում արատավոր երեւույթների նվազացմանը։ Բայց հստակ մի բան պիտի հիշենք, որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, որ կալանավայրում գտնվող հանցագործն էլ ՄԱՐԴ է....

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news