Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումն ահաբեկելու նպատակ ունի. CCAF

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Աշխարհ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie պարբերականի խմբագրությունում իրականացված կողոպուտը: Այս մասին ասված է CCAF-ի տարածած հայտարարությունում:

Դրա համաձայն՝ պարբերականի տնօրեն Արա Թորանյանը վերջին օրերին բավական ակտիվ էր՝ ի աջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի: Նա մասնակցել է նաև այդ խնդրով կազմակերպված հանդիպման և ցույցի: Խմբագրությունը զբաղվում է Թուրքիայում ազատությունների պաշտպանությամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցությամբ:

CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը սա որակում են հարձակում, որն իրականացվել է Փարիզում թուրքական ծառայությունների կողմից: Նրանց կարծիքով՝ այս հարձակումը ոչ միայն իրենց ապագա ծրագրերի մասին տեղեկություններ հավաքելու, այլև ահաբեկելու նպատակ ունի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի գիշերը հարձակվել են Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Arménie-ի խմբագրության վրա, լուսանկարչական սարքեր և երեք համակարգիչ գողացել, որտեղ գաղտնի տեղեկատվություն է պահվել: