Կիևում ձերբակալվել է ԻՊ-ի դահիճներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Ուկրաինայի իրավապահները Կիևի մոտ ձերբակալել են ահաբեկիչ Ցեզար Տոխոսաշվիլուն, որը հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ և այդ շրջանակներում հայտնի է եղել Ալ-Բարա Շիշանի անվամբ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Տոխոսաշվիլուն Ուկրաինայի անվտանգության խորհուրդը ձերբակալել է Վրաստանի ներքին գործերի և ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության օժանդակությամբ: Այժմ ահաբեկիչը գտնվում է ժամանակավոր կալանքի վայրում:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Տոխոսաշվիլին 2018 թվականից կեղծված փաստաթղթերով ապրում էր Ուկրաինայում: Նա Սիրիայում հայտնի էր Ալ-Բարա Շիշանի անվամբ և 2013 թվականից հանդիսանում էր ԻՊ-ի ռազմական հրամանատարի տեղակալը:

Հայտնի է, որ նա հանդիսանում էր ԻՊ-ի դահիճներից մեկը: Մինչև հիմա բոլորը կարծում էին, որ Վրաստանում ծնված, ազգությամբ չեչեն ահաբեկիչը 2017 թվականի օգոստոսին ավիահարվածից մահացել է, երբ փորձում էր Ռաքքայից դուրս բերել կնոջն ու երեխաներին: Այնուհետև պարզ է դարձել, որ նա մեկնել էր Թուրքիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները Տոխոսաշվիլու նկատմամբ միջազգային որոնում էին հայտարարել, այժմ ահաբեկչին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ Վրաստանը բանակցում է Ուկրաինայի հետ: