Նոյեմբերի 16-ը՝ Հանդուրժողականության օր․ հանդուրժո՞ւմ են իրար խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Սուրեն

ԱԺ-ում հաճախ հնչող սուր քննադատությունները պետք չէ շփոթել անհանդուրժողականության հետ։ 24News-ի հետ զրույցում հանդուրժողականության օրվա առիթով ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ այսօր ԱԺ-ում ընթացող քաղաքական գործընթացներն իրական են, բանավեճերը ազդում են որոշումների կայացման վրա, ինչն էլ հենց թեժ քննարկումների պատճառներից է։

«Նախորդ գումարման Ազգային ժողովների նկատմամբ շատ հետևողական չեմ եղել, բայց մի բան պարզ է․ նախկինում քաղաքական գործընթացներն արհեստական էին, բոլորը գիտեին՝ ինչ է որոշված։ Հիմա այլ է։ Բայց տեսեք, թե ինչ է կատարվում այլ երկրների խորհրդարաններում․ պատգամավորները հաճախ դիմում են ֆիզիկական գործողությունների»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե խորհդարանական քննարկումները վերջին շրջանում բուռն են ընթանում՝ երբեմն անցնելով կոռեկտության սահմանը, Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ ինքը նման խնդիր չի տեսնում։

«Երբեմն պատգամավորն այնպիսի թեզեր են առաջ տանում, որ իրենք էլ գիտեն՝ անիմաստ է ու բովադակությունից զուրկ։ Սա հաճախ է առաջացնում վրդովմունք, ստիպված ես լինում որակել որպես անազնիվ գործողություն և քաղաքական դիվիդենտներ շահելու քայլ։ Հավատացեք՝ նիստերի ժամին ընթացող բուռն քննարկումները հիմնականում չեն անդրադառնում միջանձնային հարաբերությունների վրա՝ թե՛ ընդդիմադիր գործիչների հետ, թե՛ իշխանական»,-ասաց նա։

Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ամեն հարցում չէ, որ մարդ պետք է  հանդուրժող լինի․ լինում են խնդիրներ, որոնք լուծվում են միան հասարակության անհանդուրժողականության շնորհիվ։

Հասմիկ Կիրակոսյան