Լիբանանում ցուցարարները փակել են խորհրդարանի շենքի մուտքերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Լիբանան

Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակել  խորհրդարանի շենքի մուտքերը, ճանապարհներին բարիկադներ են կանգնեցվել: Ցուցարարները պատգամավորների ավտոմեքենաներին թույլ չեն տալիս անցնել,  բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաներն այն բանից հետո, երբ համոզվում են, որ  հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան։

Ակտիվիստները քարկոծել են մի շարք պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով,  պահպանությունը օդ է կրակել:

Պատգամավորների մի մասին հաջողվել է հասնել աշխատավայր, որոշ խորհրդարանականներ  հրաժարվել են մասնակցել նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը:

Նոյեմբերի 19-ին պառլամենտի նիստ է պլանավորված, որտեղ պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:

Քաղաքացիներին անհանգստացնում է, որ համաներումը կարող է տարածվել  կոռուպցիոն սխեմաներին մասնակից պաշտոնյաների վրա և այդ կերպ կխուսափեն պատասխանատվությունից: Մի խումբ փորձագետների կարծիքով՝ կա մտահոգություն, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ։