Ի՞նչ է որոշվել ՀԷԿ-երի մասով էներգահամակարգի զարգացման ռազմավարությունում. «ՀՀ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հէկ

«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թ. զարգացման ուղիների  փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչև 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով:

Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը:

«Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները: 

Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որևէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրև էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որևէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ և վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,-ասել է Հակոբ Վարդանյանը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: