Կենդանի պատնեշ կազմելով՝ թույլ չենք տա ցանկապատ կառուցեն կրթահամալիրի տարածքում․ Բլեյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում առավոտից լարված իրավիճակ է: Կրթահամալիրի տարածքում Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ պատրաստվում են ցանկապատ կառուցել, որին ծնողներն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ են: Ցանկապատից այս կողմ մնացող թիվ 93 մանկապարտեզի անձնակազմն էլ կողմ է ցանկապատելուն: Շինարարության աշխատանքները խոչընդոտելու հիմքով մանկապարտեզից դիմել են ոստիկանություն՝ հասարակական կարգի պահպանության համար, ինչից հետո նշված վայր են այցելել ոստիկանության ծառայողները: 

«Հանկարծ, շաբաթ օրն արթնանում ենք, տեսնում ենք, որ որոշել են փակել մեր ճանապարհը, իսկ մենք, իհարկե, ինքնապաշտպանվեցինք և կշարունակենք այնքան, մինչև իշխանությունները համայնքային մակարդակում չապահովեն տեղաշարժը։ Մենք որևիցե հիմնավորումներ չենք գտել ցանկապատի շինթույլտվության համար և քաղաքապետին բողոքարկել ենք կասեցնել այդ գործողությունը, դիմումն ուղարկել ենք նաև ավագանիներին, բայց, ցավոք սրտի, անտեսվեցին»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Բլեյանը նշեց, որ կոչով դիմել է կրթահամալիրի սովորողներին, ուսուցիչներին, որ իրենց անօտարելի իրրավունքը պաշտպանեն։ Նա հավելեց, որ անցել են խաղաղ նստացույցի, և, կենդանի պատնեշ կազմելով, թույլ չեն տա, որպեսզի կառուցեն ցանկապատը։ 

«Այդպես կանենք դեկտեմբերին, հունվարին, այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը ոչ խտրական լուծում չի առաջարկել։ Գաղութացումը, հանրային տարածքները բետոնների, կալվածքների վերածելն անընդունելի է, դրա այլընտրանքը հանրային տարածքում համակեցությունն է, որը պահանջում է իրական փոփոխություններ, վստահություն միմյանց նկատմամբ։ Բայց, կարծես թե, շատ մարդկանց համար շոշափելի դարձավ «Կրթական պարտեզ՝ բնակելի արվարձանում» նախագիծը, «Բնակավայրեր՝ առանց ճաղավանդակների» նախաձեռնությունը», - նկատեց Աշոտ Բլեյանը։

Կրթահամալիրի տնօրենի պնդմամբ՝ քաղաքային իշխանությունը պարտավոր է իրականացնել սովորողներին, ուսուցիչներին սպասարկող գործառույթները, իսկ անցումները պետք է լինեն անվտանգ, լուսավոր։  

Նշենք, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ավելի վաղ գրառում էր արել, որում ասվում է. «Այսքանից հետո, շաբաթ օրով, տոնի նախօրյակին կրթական պարտեզում նորից ուզում են ապօրինի վերսկսել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։ Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները», - գրել էր նա։

Սոնա Գրիգորյան