Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Կուտոյան ատրճանակ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: Այդ մասին «ՀԺ»-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նաիրա Հարությունյանը աղբյուրին նաև հայտնել է, որ նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբերին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Նշենք, որ Պարույր Սևակ փողոցի բնակարանում՝ մեկ ամիս առաջ Կուտոյանը 35 անկանոն կրակոց էր արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

Նաիրա Հարությունյանը նաև ասել է, որ քրեական գործի շրջանակներում Վիքիպեդիայից Կուտոյանի մասին տեղեկատվությունը հեռացնելու հանգամանքը քննության առարկա կդառնա: Նշենք, որ Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիկիպեդիայում գրանցված օգտատերը հունվարին մի քանի անգամ, այդ թվում՝ հունվարի 16-ին, փորձել էր ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը: