Ավինյանը քննարկել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Հունվարի 31-ին փոխվարաչպետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

 «Հավաքվել ենք քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաեւ քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը  հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում եւ Մերձավոր Արեւելքում:

Կառաջարկեմ առողջապահության նախարարը ներկայացնի իրավիճակը այս պահի դրությամբ, այն միջոցառումները որոնք իրականացվել են մինչ օրս: Ինչպես նաեւ հետագայում ԱԳ նախարարի տեղակալը կխնդրեմ ներկայացնի ՀՀ այն քաղաքացիների իրավիճակը,  ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ արդյոք այս ուղղությամբ որեւէ գործողություն արվել է թե ոչ», իր խոսքում ասել է Տիգրան Ավինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում  կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ եւ իրականացնում է  անհրաժեշտ գործողությունները: Նա նաեւ հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:

Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:

Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: