Ի՞նչ ճակատագիր կունենա «Սանասարյան տունը»․ Փայլանը դիմել է թուրք նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News   

Սանասարյան տուն

Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են:

Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում: Գրել է Ermenihaber-ը։

Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցումապնդում է հղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Մեջլիսի հայ պատգամավորը հարցադիմումի մեջ նախ իր մտահոգություններն է հայտնել հայկական շենքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես շեշտելով, որ շենքը մասնավոր մի կասկածելի ընկերության հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել այն պայմաններում, որ  շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում: Ապա հիշեցրել, որ հասարակության մեջ հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ պատմական շենքի համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այն վերանորոգումը, որը պետք է արվի «Սանասարյան հան»-ը հյուրանոց դարձնելու համար:

Փայլանը հետաքրքրվել է, թուրք նախարարից, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը հաստատելու է շենքի վարձակայությունը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող իրավական գործընթացը:

Փայլանը Էրսոյին հարցեր է ուղղել նաև վարձակալության մրցույթը մամուլի համար փակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ պատրիարքարանը և վարձակալության մրցույթը շահած կազմակերպությունը այն դեպքում, եթե դատարանը պատրիարքարանին հետ վերադարձնի «Սանասարյան հան»-ի նկատմամբ սեփականության իրավունքները: