«Դարձել եք կենդանի հերոս». Բակո Սահակյանը շնորհավորել է Զորի Բալայանին՝ 85-ամյակի առիթվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Զորի Հայկի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը եւ Ձեր արժանի տեղն եք զբաղեցրել մեր նորագույն պատմության մեջ: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ միշտ ապրել եք հարազատ ժողովրդի հոգսերով եւ արել եք հնարավորը նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում երկար տարիների կյանք, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: