Հայոց հողի հովվապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հրանտ
«...Ես գրողի իմ սկզբունքն ունեմ՝ ինչ ծնել է մայր Հայաստանը, իմ որդիներն են, ես տեր եմ ամենքին»։

Հրանտ Մաթևոսյան, «Ինքդ պիտի որոշես՝ Իշխա՞նն ես, թե՞ Ավետիքը»

Հրանտ Մաթևոսյանի օրը չի սկսվում և չի վերջանում, քանզի մնայունը ժամկետ չունի: Երջանիկ են այն բնակիչները, որոնք հարուստ են առաջնորդներով, հովիվներով, իմաստուններով, ում գործը եղել է ժողովրդին ազգ դարձնելը, հողը հայրենիքի վերածելը և կենսատարածքից պետություն կերտելը: Այս համատեքստում մեզ բարերարության մի մեծ կտոր է բաժին հասել՝ ի դեմս Հրանտի, ում աշխատասիրությունը հովվություն է, որի նյութն ուժեղ, խորագետ առաջնորդների ձեռքում պիտի կյանքի կոչվի և վերաճի վերոգրյալի իրականացմանը: Բանը, որը ոչ թե տվյալ ժամանակի համար է գրվել, այլ ամբողջ ընթացքի տևողության, որովհետև փոշին չի նստում մաթևոսյանականության վրա, և ժանգը նրան չի սպառնում: Մաթևոսյանը ողբասաց չէ․ նա մեզ հայկական ավանդական լալահառաչությունից ազատողն է, ում խոսքն ակորդային ուժ ունի` եզրափակող:

Եթե դառնանք ու վերաիմաստավորենք Հրանտի գրականությունը, ապա ճշմարտությունը հառնում է մեր առջև շիտակ բովանդակությամբ ու կտրուկ ձևաբանությամբ, քննությունը` անխոցելիությամբ: Իր պատկերացումն անհատի առաջնորդությանը շաղախում է ժողովրդի առաջադիմությունը: Մաթևոսյանի գրականությունը ճեղքեց անդաստանը` բոլորին գրկելու ուղենիշը հաստատելով:

Երեք գլխադասային սահմանում ունի Հրանտը.

I) «Քո ժամանակի Բյուզանդը լինես»:

Պատմական մեծերիդ, հերոսներիդ, քո ժամանակի մարդկանց մեջ տե՛ս ու ընդունի՛ր, արձանագրի՛:

Սա պատմության փիլիսոփայության անկանգառ ընթացքի ճշմարիտ ընկալումն է, որը բերում է անհատների և մարդկանց ժամանակի անվանական հաստատմանը: Այն ուժեղ պետությունների և հաջողակ ազգերի գլխավոր բանաձևն է:

II) «Պատմության, անցյալի մոխիրներին, պատմության այդ ամբողջ հիշողությունը ունենալ, ինքնությանդ տեր կանգնել: Ինձ համար ազգային շահը, սրանից զատ, ուրիշ դրսևորում չունի»։

Ճանաչես հետագիծդ, անցած շավիղդ վերլուծես ու եղածի համար պատասխանատվություն կրես: «Ո՞վ ենք մենք»-ի հարցի պատասխանը այստեղ է, և առանցի որի՝ ճիշտ շարունակություն չկա: Ազգի ժառանգությունը դիտարկել ամբողջովին, հարստությունը վեր հանել, բացասականը` վերաիմաստավորել և նրա կրկնությունը բացառել:

III) «Կուզենայի տեսած լինել սրա նրա երեսից աղերսանքով չկախված հայրենիք: Իր մասին իր կարծիքի մեջ վստահ և աջ ու ձախ չնայող, արևմուտքի համակրանքը չհայցող կամ` հյուսիսի: Կուզենայի ահա չեչենի վստահություն ունենալ: Այդ դեպքում ես կասեի ահա այս հայրենիքը չի կործանվելու, այս հայրենիքը անմահության է գնալու»։

Արժանապատիվ ապրելու ճանապարհը հիմնավորված վստահության մեջ է: Խոսքի իմաստը՝ մերժել թափթփված վարքագիծը, խնդրողի, մուրողի դերից հրաժարվել, կախվածությունը չեզոքացնել և քո ես-ն ու ինքնությունը համաշխարհային հարթակում զրնգոցով հաստատել: Պիտի պարտվողի բարդույթից ազատագրված հաղթողի պատվով կեցվածք ունենաս, որ ասելիքիդ ուշադրություն դարձնող լինի, քո կողմ նայող լինի:

Մաթևոսյանի ֆենոմենն այն է, որ մեկ անգամ կարդալուց ամբողջովին չի տրվում քեզ, այլ պահանջում է պերմանենտ շփում` ընթերցում-մտորում, որի ընթացքում իր խոսքն ու քո ես-ը ժամանակի մեջ միաձուլվում են: Այն ոչ թե հասունություն է պահանջում, այլ նրանով ես հասունանում՝ անկախ այն բանից, թե գիտակցական, ինտելեկտուալ ինչ մակարդակի վրա ես գտնվում: Մտածող մարդը մինչև Հրանտի հետ ծանոթանալը ուրիշ է, հանդիպումից հետո արդեն՝ մեկ ուրիշ:

«– Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:

– Գրականությունն ինձ համար դավանանք է»։

Մաթևոսյանն արարչագործությունն ու շարունակության կառուցապատումը գրականության միջոցով էր պատկերացնում: Խոսքի խողովակը՝ գաղափարի փոխանցման մյուս բոլոր ճանապարհների հետ համեմատած, ամենաերկարն էր իր տեսանելիության մեջ՝ երկնքից մինչև երկիր, տիեզերքից սկսվող ու երկրագնդի, հողի հատակին հասնող: Գիտեր խոսքի, բառի ուժը, և այն ենթարկված էր իրեն: Իր մասին ասում էր, որ ժամանակն իրենից առաջ ընկավ, որ մարգարե պիտի լիներ, բայց տարեգիր դարձավ:

Փաստենք մի բան, որ Մաթևոսյանը Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի և Չարենցի ու Բակունցի հետևորդն է՝ որպես մեծ, և առանձին է, ինչպես մեծություն: Այսօր ու վաղը և երկրային բոլոր ժամերի մեջ իր առաքելությունը կատարած Հրանտ Մաթևոսյանի գրական թագավորությունը իշխելու է անդադար: Մեզ մնում է հպատակի պես հնազանդորեն այն սերտել և յուրացնելուց հետո իշխանի պես ապրել:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

Տեսանյութեր

Live

Լրահոս